Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Կարճատես ու գործընկերության ոգուն անհամապատասխան որոշում է»,- համոզված է Սերգեյ Լավրովը

«Կարճատես ու գործընկերության ոգուն անհամապատասխան որոշում է»,- համոզված է Սերգեյ Լավրովը
21.04.2009 | 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
«Ավագ եղբոր» գործոնը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության բաղադրիչներից մեկը և, ըստ այդմ, հերթական անգամ բնորոշում է ռուսական քաղաքական գործիչների պահվածքը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ հարաբերություններում։ Այս անգամ այդ դրսևորմանն ականատես ենք Վրաստանում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունների հետ կապված։
Ինչպես հայտնի է, Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ մայիսի 6-ից մինչև հունիսի 1-ը Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ռազմակայանի տարածքում անցկացվելու են զորավարժություններ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Մասնակցելու են 19 երկրներ. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Կանադա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Ղազախստան, Մոլդովա, Իսպանիա, Սերբիա, Մակեդոնիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բոսնիա և Հերցեգովինա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ։ Զորավարժություններում ընդգրկված կլինեն ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների 1300 զինծառայողներ, իսկ նպատակն է կատարելագործել գործողությունների համակարգումը ՆԱՏՕ-ի անդամների և գործընկեր երկրների միջև։ Ըստ ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության, զորավարժությունների սցենարի հիմքում ճգնաժամային իրավիճակում դաշինքի հնարավոր գործողություններն են ՄԱԿ-ի մանդատի ներքո։
Այս կարգի զորավարժություններն առաջին անգամ չեն անցկացվում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում։ Դրանք վաղուց ի վեր կրում են կանոնավոր բնույթ և նույնիսկ վերածվել են սովորական միջոցառումների։ Անցած տարի համանման զորավարժություններ անցկացվեցին Հայաստանում, այս տարի դրանք կրկնվում են Ադրբեջանում։ Ըստ այդմ, զարմանալի չէր, որ Ռուսաստանի նախագահը վրացական զորավարժությունների հետ կապված իր դժգոհությունը հայտնեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, նրա ներկայությամբ։ Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանում իրականացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները գաղտնիք չեն, պլանավորված էին դեռևս մեկ տարի առաջ, ուստի զարմանալի է, որ Մոսկվան հիմա և այդքան հանկարծակի հանդես է գալիս դրանց անցկացման դեմ։ «Ես վստահ եմ, որ դա դրական զգացումներ չի առաջացնելու Հարավային Օսիայի ու Աբխազիայի բնակչության մեջ»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահը, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ այսպիսի բնորոշմամբ. «Այսպիսի որոշումը կարճատես ու գործընկերության ոգուն անհամապատասխան որոշում է։ Ռուսաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ն կխուսափի այնպիսի քայլերից, որոնք Թբիլիսիում կարող են ստեղծել ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ»։ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռագոզինն իրեն բնորոշ կտրուկ ոճով Վրաստանում ՆԱՏՕ-ի մայիսյան զորավարժությունները գնահատեց իբրև «սադրանք, անհեթեթություն ու անմտություն»` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից պահանջելով փոխել դրանց անցկացման վայրը կամ, առհասարակ, կասեցնել։
Իբրև ձևական պատճառաբանություն` ռուսական կողմը հայտարարում է, թե այդ զորավարժությունները հակասում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։
Ռուսական փորձագետների գնահատմամբ, հատկապես Վրաստանում զորավարժությունների անցկացումն ապտակ է Ռուսաստանին, քանի որ ընկալվելու է իբրև հակառուսական գործողություն։ Միաժամանակ, Մոսկվայում զորավարժությունների անցկացումը կապում են Վրաստանի ներքին զարգացումների հետ, քանի որ, իբր, Սաակաշվիլին այն կարող է օգտագործել ընդդիմության դեմ, կամ էլ ընդդիմությունը` ընդդեմ նախագահի։ Եվ, իհարկե, հերթական մեղադրանքներն այն առումով, թե Վրաստանը կարող է երես առնել այդ հանգամանքից և կրկին դիմել արկածախնդրական գործողությունների Սուխումի կամ Ցխինվալի նկատմամբ։
Եվ, այնուհանդերձ, ռուսական «դեմարշը» ցանկալի արդյունքների չհանգեցրեց։ Վրաստանը դա գնահատեց իբրև սառը պատերազմի ժամանակներին բնորոշ արձագանք։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Պշչելն իր հերթին հայտարարեց, որ զորավարժությունների անցկացումը Վրաստանում որևէ առնչություն չունի երկրի ներքին գործընթացների հետ, իսկ Վաշինգտոնից շատ հանգիստ արձագանքեցին Մոսկվայի «զայրույթին», արձանագրելով, թե Ռուսաստանին ՆԱՏՕ-ի զորավարժությունները երբեք էլ դուր չեն եկել` անկախ անցկացման վայրից։ Եվ չնայած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինյավսկին ևս վերոնշյալ զորավարժությունները գնահատում է իբրև Ռուսաստանի դեմ նախաձեռնված դեմարշ, ԱՊՀ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանն ու Ղազախստանը նույնպես, կարծես, մտադիր չեն հրաժարվելու այդ զորավարժություններին մասնակցելուց։
Եվ, այնուհանդերձ, ավելի կարևոր է փորձել գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է Կրեմլը հատկապես հիմա այդքան մտահոգ ՆԱՏՕ-ի ձեռնարկած քայլերով։ Պուտինի և Սաակաշվիլու միջև թշնամությունը, որի մասին լեգենդներ են հյուսվում, անշուշտ, ռուսական դիրքորոշման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս նշել են, որ եթե մինչև մայիս Վրաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ապա ռուսական կողմը չի բացառում «ռազմական լուծման» տարբերակը։ Հետաքրքիր են նաև այդ համատեքստում ռուսական ԶԼՄ-ների անցկացրած զուգահեռները, թե 2008-ին էլ վրացական Վազիանիում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացվեցին մոտ 1000 ամերիկյան զինվորականների և ծովային հետևակայինների մասնակցությամբ, ինչին էլ անմիջապես հետևեց Վրաստանի հարձակումը Հարավային Օսիայի վրա։ Եվ ահա Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն արդեն հայտարարել է, որ, ի հակակշիռ ՆԱՏՕ-ի զորավարժությունների, Աբխազիան կանցկացնի սեփական համարժեք միջոցառումը, որի ընթացքում «կուժեղացվի երկրի սահմանների պաշտպանությունը Ռուսաստանի հետ համատեղ»։ Ռուսական պաշտոնական աղբյուրներն այսօր արդեն հայտարարում են, թե Ռուսաստանում առկա է զինուժի մոբիլիզացիա ընդդեմ Վրաստանի, թեկուզև «այդպիսի գործողություններն ունեն միայն կանխարգելիչ բնույթ և պայմանավորված են Թբիլիսիի կողմից սադրանքների հրահրման հավանականությամբ»։ Որքան հայտնի է, ռուսական կողմի պատրաստությունները ներառում են ոչ միայն Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի, այլև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքը, քանի որ վրացական կողմը, ռուսների բնորոշմամբ, «վատ սովորույթ ունի ներքին պրոբլեմները վերածելու արտաքին ագրեսիայի»։ Բայց արդյոք այս ամենը ռուսների կողմից զուտ քարոզչությո՞ւն է։
Հազիվ թե, որովհետև ակնհայտ է Կրեմլի անհանգստությունն այն կապակցությամբ, որ վրացական իշխանությունները մտադրվել են միջազգային ոստիկանական ուժեր մտցնել վրաց-օսական ու վրաց-աբխազական հակամարտությունների գոտիներ` ՄԱԿ-ի մանդատի ներքո։ Այս գաղափարն առայժմ արևմտյան մի շարք երկրների հետ համաձայնեցման փուլում է։ Ավելին, մոսկովյան մի շարք փորձագետների գնահատմամբ, իրական վտանգ կա, որ Վրաստանի սևծովյան ափը կարող է վերածվել ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու։ Անցյալ տարվա սեպտեմբերից սկսած այնտեղ վերահսկիչ և պաշտպանական բնույթի միջոցառումներ են անցկացրել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, իսկ օրերս էլ ամերիկյան հերթական ռազմանավը Սևաստոպոլում կարճատև այցից հետո լողաց դեպի Բաթում, որտեղ էլ անցկացվելու են համատեղ զորավարժություններ Վրաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հետ։ Մոսկվային խիստ անհանգստացնում է նաև այն, որ ՈՒկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ի խիստ ներկայանալի մի պատվիրակություն այդ երկրի ռազմածովային ուժերի պատրաստվածության աստիճանն ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների գնահատելու համար։ Հայտնի է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել Կիևին նոր ռազմանավեր տրամադրելու խոստումից, և միանգամայն հավանական է, որ մոտ ժամանակներս Սևաստոպոլում և Օդեսայում ուկրաինական դրոշի ներքո խարիսխ նետեն ամերիկյան ռազմանավերը։ ԱՄՆ-ը ծրագրել է նաև Ղրիմում կառուցել զորանոցներ իր զինուժի տեղակայման համար, իսկ այս տարվա ամռանը նախատեսված է անցկացնել ամերիկա-ուկրաինական ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություն` «Սիբրիզ-2009» անվանումով։ Այս կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր մտահոգությունն էր հայտնել, թե «Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ու սուզանավերի հայտնվելը` ծովային բազավորման թևավոր հրթիռներով, որոնք ունեն ատոմային մարտագլխիկներ, չափազանց վտանգավոր քայլ է»։ Ի պատասխան, Ռուսաստանը արագ թափով և լիովին բացահայտ սկսել է ռազմածովային բազաների կառուցումը Աբխազիայում։
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի` Վրաստանում անցկացվելիք մայիսյան զորավարժությունները տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղերի ևս մեկ բնորոշ դրվագ են։ Չի բացառվում, որ կողմերը նույնիսկ շահագրգռված են ընդհանրապես ավարտել խաղը Կովկասում, ինչը կնշանակի, որ օգտագործվելու են բոլոր հնարավոր փաստարկներն ու միջոցները։ Ռուսական փորձագետների գնահատմամբ, զորավարժությունները Վրաստանում, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծի ի հայտ գալը, միջպետական համաձայնագրի ստորագրումը «Նաբուկո» էներգետիկ նախագծի վերաբերյալ, ղարաբաղյան հակամարտության հրատապ կարգավորմանն ուղղված նպատակային ջանքերը նույն շղթայի օղակներն են։ Գումարած այն, որ Չեչնիան, ըստ նույն ռուսական փորձագետների, կրկին վերածվել է Դաշնության ներսում գոյություն ունեցող «ներքին արտասահմանի», իսկ Ռամզան Կադիրովը բացահայտ հայտարարում է, թե չեչենները պետք է ղեկավարվեն ոչ թե Ռուսաստանի օրենքներով, այլ իսլամական ավանդույթներով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ